1960-ականներին Հայաստանում սկիզբ էր առել մի շարժում, որի ներքո ստեղծվել էին գաղտնի ազգային կազմակերպություններ՝ բարձրացնելով Հայոց ցեղասպանության և ազգային այլ հարցեր:1967-68 թթ. Վազգեն Մանուկյանն ու ընկերները Մոսկվայի համալսարանում հիմնել էին Հայ մշակույթի ակումբ, որը, սակայն, միայն մշակութային չէր, այլ մշակութայինի անվան տակ ազգային գործունեություն էր ծավալում: Հետո նմանատիպ կազմակերպություն ստեղծեցին Երևանի պետական համալսարանում՝ կրկին հայ մշակույթի անվան տակ արծարծելով անկախության, Արցախի, ժողովրդավարության և այլ հարցեր:
1974 թվականին Վազգեն Մանուկյանը համախոհների հետ ստեղծում է մի նախաձեռնություն՝ «Թարգմանչաց տոներ», որն իր շուրջ է համախմբում հայաստանյան ողջ մտավորականությանը: Նպատակն այն էր, որպեսզի ստեղծվի ազգային մի ակումբ, որը հնարավորություն կտա մարդկանց ծանոթանալու, շփվելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու և այդ հարցերը քննարկելով՝ համախոհներ, կողմնակիցներ ձեռք բերելու, որպեսզի մտավորականության մեծ ազդեցություն ունեցող շերտը համախմբվեր նույն գաղափարների շուրջ: Քննարկվում էին, օրինակ, դպրոցների հարցը (հայկական, թե ոչ հայկական), Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ցեղասպանության հետ կապված հարցերը, երբեմն անգամ ազատության, անկախության, կոմունիստական ռեժիմից ազատվելու հարցեր:
«Երբ 88-ի շարժումը սկսվեց, հասկացանք, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին և ինչ մեծ նշանակություն ունեցան: Մտավորականությունը միանգամից համախմբվեց, քանի որ արդեն մարդիկ իրար ճանաչում էին, նույն կերպ էին հարցերին մոտենում, նույն գաղափարներն էին հարում: Դա էր Թարգմանչաց տոների ամենամեծ ձեռքբերումը». Վազգեն Մանուկյան