«Կյանքիս ամենամեծ հոգեկան վերելքն ապրել եմ, երբ հանրահավաքում իմ առաջին ելույթի ժամանակ հարյուր հազարավոր աչքեր էի տեսնում: Չնայած` ասում էի բաներ, որոնք իրենց համար այնքան էլ ընդունելի չէին: Բոլորը համոզված էին, որ մենք ունենք մշտական թշնամի` ի դեմս Թուրքիայի, եւ մշտական բարեկամ` ի դեմս Ռուսաստանի: Իսկ ես ասացի, որ մենք ոչ մշտական բարեկամ ունենք, ոչ էլ մշտական թշնամի»:
1988 թվականի փետրվարյան ցույցերի ժամանակ Վազգեն Մանուկյանն իր հրապարակային ելույթում առաջին անգամ համազգային գործադուլի կոչ է անում ժողովրդին։
1988 թվականին, երբ ստեղծվել է «Ղարաբաղ կոմիտեն», որը գլխավորում էր Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանի հետ վերամիավորելու համար սկսված շարժումը, Վազգեն Մանուկյանը նախ Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր (1988 թ․փետրվարից), ապա կոմիտեի համակարգողը (1988 թ․ հունիսից)։
Ղարաբաղ կոմիտեի անդամների հրապարակային ելույթները սղագրվում էին և ներկայացվում Քաղբյուրո։ Լավ իմանալով դա՝ Վազգեն Մանուկյանը երբեմն իր ելույթն անուղղակիորեն ուղղում էր հենց Քաղբյուրո։ «Մի օր իմ ելույթւոմ ասացի, որ մենք «նավակը ճոճելու ենք», եթե նույնիսկ Ղարաբաղը մեզ չտաք, Մերձբալթյան երկրները, միեւնույն է, վաղ թե ուշ ոտքի են կանգնելու եւ Խորհրդային Միությունը փլուզվելու է․․․»:
1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ Վազգեն Մանուկյանը ձերբակալվել է և 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում:
«Ղարաբաղ» կոմիտեից Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանն ու Դավիթ Վարդանյանը կարծում էին, որ պետք է ընդլայնել կոմիտեի հարցերի շրջանակը, որոշակի գաղափարական սկզբունքներ ամրագրել։ Մանուկյանը գրում է այդ սկզբունքները և հանրահավաքի ելույթում ներկայացնում։ Հետագայում դրանք դառնում են Հայոց Համազգային շարժման գաղափարական սկզբունքները։
«1988 թվականին շարժումն առաջ բերեց մի խնդիր, որն ընդունելի էր ողջ ժողովրդի, այդ թվում և կոմունիստական նոմենկլատուրայի, մտավորականների համար: Դա Ղարաբաղի վերամիավորումն էր Հայաստանին: Բայց դրանից հետո շարժումն առաջ բերեց երկու կարևոր գաղափար, որոնք հակասության մեջ մտան մինչ այդ եղած գաղափարախոսության հետ: Առաջինն ազգային գաղափարախոսությունն էր: Գրվեց «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածը, գրվեց «Գնացքից թռչելու ժամանակը», հանրահավաքում հայտարարվեց, որ «մենք չունենք մշտական բարեկամ և մշտական թշնամի», հռչակվեցին շարժման գաղափարական սկզբունքները, և այդ ամենը բուռն կերպով քննարկվեց հասարակության շրջանում: Դա նշանակում էր վերանայել ամբողջ ազգային քաղաքականությունը, որն իշխող էր եղել հայ հասարակության մեջ նախորդ երկու հարյուր տարվա ընթացքում»․ Վազգեն Մանուկյան
Երկրորդ կարևորագույն սկզբունքը, որ հռչակեց շարժումը, նոր, լիբերալ պետության կառուցումն էր: Հարց դրվեց փոխել ամբողջ պետության կառուցվածքը, վերաբերմունքը մարդու իրավունքներին, ազատություններին, դրվեց ազատ տնտեսության, ազատ քաղաքական մրցակցության, բազմակուսակցական համակարգի հարցը և այլն:
«Մի կողմից «Ղարաբաղ» կոմիտեով առաջ էինք մղում Ղարաբաղյան հարցը սահմանադրական ճանապարհով լուծելու գաղափարը՝ ձգտելով օրենքների, միջազգային իրավունքի հարցում գործընկերներ գտնել ամբողջ աշխարհում, մյուս կողմից, հասկանալով պատերազմի անխուսափելիությունը, ինչ-որ ձեւով, այսպես ասած՝ տակից խրախուսում էինք կամավորական ջոկատների ստեղծումը․․․»։
«Շարժման վերածումը էթնիկական կամ կրոնական հարցի, կամ միայն պատմության վրա հենվելն աղետալի սխալ կարող էին լինել հայերիս համար: Միակ ճանապարհը սահմանադրականն էր, որը քեզ հասկանալի եւ ընդունելի էր դարձնում ամբողջ աշխարհի համար»։
«Ղարաբաղի» կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվում է «Հայոց համազգային շարժում» հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարի ընտրված վարչության կազմում էին «Ղարաբաղյան» կոմիտեի գրեթե բոլոր անդամները։ Վազգեն Մանուկյանն ընտրվում է ՀՀՇ վարչության առաջին նախագահը։