Վազգեն Մանուկյանը քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: 1967թ. ապրիլի 24-ին Մոսկվայում մի խումբ համախոհներով կազմակերպել են ցույց Թուրքիայի դեսպանատան առաջ՝ նախապես մշակելով սցենարը, այցելելով Մոսկվայի բուհեր ու հանրակացարաններ, ցուցակներով հայերին գտնելով և իրազեկելով ցույցի մասին:
Ապրիլի 24-ին հազարավոր ուսանողներ հավաքվում են դեսպանատան առջև և ձեռք ձեռքի տված՝սկսում են երգել «Զարթնիր լաո»-ն, որից հետո ոստիկանները մոտենում են, քաշքշում, փորձում ցրել ցույցը: Բայց ցույցն արդեն կայացել էր։ Նախորդ տարիների անհաջող փորձերից հետո սա առաջին հաջողված ցույցն էր: Հայ ուսանողները ոգևորված վերադառնում են հանրակացարաններ, նշում իրենց հաղթանակը:
Մի քանի օր անց ցույցի կազմակերպիչներին, այդ թվում նաև Վազգեն Մանուկյանին, հեռացնում են համալսարանից:
Այդ ցույցին պատրաստվելիս՝ Վազգեն Մանուկյանը ծանոթանում է խորհրդային Միության արտգործնախարարության արտաքին քաղաքականության պլանավորման բաժնի պետ,Կանադայում Խորհրդային Միության նախկին դեսպան Համո Հարությունյանի հետ, որը շատ հարգված ու ազդեցիկ գործիչ էր մոսկովյան քաղաքական շրջանակներում: Կարելի է ասել, որ հենց նա է դրել Մանուկյանի քաղաքական գործունեության հիմքը:
Մոսկվայում կազմակերպված ցույցից հետո էլ նրանց շփումը շարունակվում է: Համո Հարությունյանը Մանուկյանին ու ընկերներին սովորեցնում է քաղաքականության ու դիվանագիտության նրբությունները, ազգային քաղաքականությունից մինչև համաշխարհային գործընթացներ, խոսում պետությունների կառուցվածքից, ներքին խոհանոցից, այն մասին, թե ինչպես են ընդունվում քաղաքական որոշումները և այլն: Հարությունյանը երիտասարներին ծանոթացնում էր նաև հայտնի հայերի հետ:
«Նրա տունը հայության համար կենտրոն էր: Օրինակ` Սիլվա Կապուտիկյանի հետ այնտեղ եմ ծանոթացել: Շատ անգամ այն տեղ հանդիպեցինք և մտերմացանք մարշալ Բաղրամյանի հետ: Ծանոթացանք նաև մարշալ Բաբաջանյանի, նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյանի, մի խոսքով՝ ժամանակի ամենաազդեցիկ դեմքերի հետ»,-հիշում է Մանուկյանը:
Գաղափարական մյուս մեծ ազդեցությունը երիտասարդները կրում էին Կարեն Թախտաջյանից, որը մաթեմատիկոս էր, հայրը՝Պետեբուրգում հայտնի ակադեմիկոս։ Կարեն Թախտաջյանն առաջ էր քաշում ազգային գաղափարախոսության հարցեր, դրդում, որ երիտասարդները փիլիսոփայություն կարդան:
«Ես առաջին անգամ հենց նրա ազդեցության տակ սկսեցի ուսումնասիրել Նիցշե, Շոպենհաուեր, Օտտո Վեյնինգեր, հնդկական փիլիսոփայություն։ Իսկ Համո Ակիմիչի ազդեցության տակսկսեցինք ուսումնասիրել, թե ինչ է նշանակում բաժնետիրական ընկերություն, Միացյալ Նահանգների տնտեսություն, այսինքն, եթե անկախ պետություն լինենք, հասկանայինք` ինչ ճանապարհով պետքէ գնանք և այլն: Այդ բոլոր տղաները հետագայում մեծ դեր խաղացին ոչ միայն Հայաստանում տարբեր գաղտնի կազմակերպություններ հիմնելու գործում, այլև 1988-ի շարժման ժամանակ». Վազգեն Մանուկյան: