Պատերազմական այս մեկ ամսվա ընթացքում մեկ անգամ չէ, որ առիթ եղավ լսել 1992-ի ամռան ծանրագույն իրավիճակի վերաբերյալ ակնարկներ, համեմատության աղերսներ: Այդ թվում՝ բավականին բարձրաստիճան, ղեկավար այրեր դրա մասին խոսեցին: ՊՆ ներկայացուցիչն էլ մի քանի անգամ նշեց, որ 1992-ին էլ ենք ծանր վիճակներ ունեցել:
Այդ բոլոր զուգահեռումների ակնարկը ակնհայտ է: Այն է՝ չնայած ունեցել ենք շատ ծանր վիճակներ ազատամարտի տարիներին, բայց հաղթանակով ենք հրադադարեցրել այդ պատերազմը: Հիմնական շեշտադրումը, որ երբեմն բարձրաձայնվում է, երբեմն՝ ոչ կամ կարիքն էլ չի լինում բարձրաձայնելու, այն է, որ այս անգամ ևս հաղթահարելու ենք ծանր իրադրությունը և, ինչպես պատերազմի մեկնարկից գրեթե միաձայն ասում ենք՝ «Հաղթելու ենք»:
Իսկ եկեք պարզ զուգահեռումից ու ակնարկից բացի, մի փոքր ավելի մանրամասն դիտարկենք 1992-ի ամառվա ծանր իրադրությունը: Թշնամին, որ նույն թշնամին է, ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր, այն ժամանակ հյուսիսում կարողացել էր ճեղքել պաշտպանական բնագիծը, զավթել էր Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի զգալի մասը, մյուս ուղղություններով էլ էր ունեցել առաջխաղացում...
Ծանրն այն խոսքը չէ: Հազարավոր մարդիկ դատարկուն էին եղել իրենց տունուտեղից: Այդ տառապած հայրենակիցներից շատերին կարելի էր տեսնել նաև Երևանում, Մոսկովյան փողոցի վրա գտնվող «Արցախ» կոմիտեի, Կամերային երաժշտության տան մոտակայքում:
Հասարակության զգալի շերտերում առհասարակ շփոթահար վիճակ էր, այնպիսի տրամադրություն, որ ասում են՝ դանակով սրտին խփես՝ մի կաթիլ արյուն չէր թափվի...
Շուշիի ազատագրման ու Արցախը մայր Հայաստանին կապող «Լաչինի միջանցքի» հաստատմամբ պայմանավորված մայիսյան հաղթանակների խանդավառությանը հաջորդել էր բարոյահոգեբանական շոկային անկում:
Նույն թվականի օգոստոսի 8-ին ընկավ կարմրեցիների վահան ու պորտալար հերոսական Արծվաշենը, որտեղ իրենց անուրանալի սխրանքով անմահացան նորաստեղծ Հայոց բանակի 12 նվիրյալներ՝ կյանքի գնով ապահովելով, որ հազարավոր արծվաշենցիներ անցնեն Կրասնոսելսկի շրջան, փրկվեն անխուսափելի կոտորածից...
Իմ սերնդակիցները կհիշեն, եթե չեն մոռացել:
Ի՞նչ էր կատարվում, ավելի ճիշտ՝ ի՛նչ կատարվեց 1992-ի այդ ծանրագույն իրադրության ժամանակ:
Հայաստանում արգելվեց ընդդիմադիր ուժերի գործունեությո՞ւնը: Ո՛չ: Փակվեցին բոլոր թերթե՞րը: Ո՛չ: Իշխանությունը տուգանքնե՞ր սահմանեց իրեն քննադատելու համար: Ո՛չ և կրկին՝ ո՛չ: Առնվազն մինչև 1994-ի մայիսի 11-12-ը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը նման քայլեր իրեն թույլ չի տվել (նման բաներ եղել են, բայց 1994-ի դեկտեմբերի 28-ին, ՀՅԴ և «դաշնակցական մամուլի» դեմ, բայց դա նախ՝ պատերազմի ավարտից հետո էր, և հետո՝ կապ չուներ կոնկրետ պատերազմի հետ, ՀՀՇ-ական իշխանության հետապնդած ներքաղաքական շահերի հարց էր):
Թե ինչ տեղի ունեցավ 1992-ի օգոստոսին Արցախում, արդեն առիթ ունեցել ենք մասամբ ներկայացնել՝ մեր նախապատերազմական շրջանի այս հրապարակմամբ, որտեղ կա մանրամասն անդրադարձ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Պաշտպանության պետական կոմիտեի ձևավորմանը, դրա նախադրյալներին ու այդ կառույցի դերակատարմանը՝ պատերազմը հաղթանակով պսակելու գործում:
Իսկ ի՞նչ էր կատարվում Երևանում: Արգելվա՞ծ էին ընդդիմադիր ուժերը, չգիտեմ, ազատ խոսքը, քննադատությունը տուգանքի տա՞կ էր: Ո՛չ, իհարկե: Չնայած այն ժամանակ ֆեյսբուք էլ չկար, ինչպես չկար էլեկտրական հոսանք, չէր ճարվում հաց, զենք-զինամթերքը քչություն էր անում և այդպես շարունակ:
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրումեջ հարցազրույցներ չէր տալիս: Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանն էլ, ում հեղինակությունը այդ շրջանում սասանվել էր վերը հիշատակված Արծվաշենի անկմամբ (հիշողները կհիշեն, թե՝ ինչու), այդ օրերին մեկ անգամ կոչով հանդես եկավ, և դա 500 կամավոր մահապարտների հետ ռազմաճակատ մեկնելու հայտնի կոչն էր («Արծիվ մահապարտներ« գումարտակը ձևավորվեց): Պարտադիր է նշել, որ այդքանով հանդերձ, Վազգեն Սարգսյանը շարունակեց անմիջականորեն զբաղվել պաշտպանության ու բանակի խնդիրներով, և 1992-ի հոկտեմբերից 1993-ի մարտը նա ՀՀ նախագահի խորհրդականն էր, հասկանալի է՝ պաշտպանության հարցերով, ինչպեսև՝ ՀՀ սահմանամերձ գոտիներում նախագահի հատուկ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ 1992-ի ամռանը, ռազմաճակատում արձանագրված անհաջողություններից հետո և դրանց ֆոնին ընդդիմադիր ուժերը հիմնականում պահանջում էին դրանից հազիվ մի 10 ամիս առաջ ձայների բացահայտ մեծամասնությամբ ընտրված, առանց հեգնանքի նշույլի իսկ՝ լեգիտիմագույն նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Եվ նա էլ, դրսևորվելով որպես բավականին ճկուն քաղաքական գործիչ, ճարպիկ քայլ կատարեց: Ընդդիմությանը, ըստ էության, առաջարկվեց ստանձնել իրավիճակի պատասխանատվությունը (մոտավորապես տասնամյակներ անց հնչեցված՝ «տղա եք՝ մի տվեք»-ի կարգի մի բան): Քաղաքական իմաստով հետաքրքիր քայլ էր. անհաջողության դեպքում պատասխանատուն կար, հաջողության դեպքում՝ իշխանության հասցեին դրական գնահատականը:
Եվ, մեր ազգային բախտից, առաջ եկավ այն գործիչը, որ ինչպես կյանքն ապացուցեց, ուներ և՛ անհրաժեշտ համարձակություն՝ նման ծանրագույն վիճակում պատասխանատվություն ստանձնելու, և՛ այդ իրավիճակում անհրաժեշտ կազմակերպչական, կառավարչական ձիրք դրսևորելու: Ու նաև դրա շնորհիվ հնարավոր եղավ բեկումը պատերազմի ընթացքում: Այո՛, խոսքը հետագայում այդքան հետևողականորեն թիրախավորված ու անհարկի պիտակավորված ՀՀ առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի ընդգծված առաջնորդներից մեկի՝ Վազգեն Մանուկյանի մասին է:
Վազգեն Մանուկյանը 1992-ի սեպտեմբերին նշանակվեց պաշտպանության հարցերի պետնախարար, ապա՝ պաշտպանության նախարար: Եվ, եթե մենք հիշում ենք ազատամարտի հաղթանակի մասին, ապա չպետք է մոռանանք կամ ուրանանք նրա ներդրումը:
Դա՝ իր հերթին: Այն շրջանում, եթե ոմանք մոռացել են, զինապարտ, զենք կրելու ունակ տղամարդկանցից շատերը ռազմաճակատում հայտնվում էին ոչ հոժար կամքով: Լինում էր, որ քաղաքային ավտոբուսն ուղղակի կանգնեցում էին և զինապարտության տարիքի տղամարդկանց զինվորագրում: Միանգամից: Դա այն ժամանակվա իրողություններից մեկն էր: Եվ, եթե գալիս է նման պահ, ապա՝ այո, դա արդարացված էր, որքան էլ այն ժամանակվա տիրույթում դրա վերաբերյալ ինչ ասես չէին ասում, այդ թվում՝ պաշտպանական պատասխանատուների, այո, նաև Վազգեն Սարգսյանի հասցեին: Բայց մի՞թե ժամանակի ավելի մեծ տիրույթում դա էր էականը: Ոչ, իհարկե: Էականը ձեռքբերումն է: Հաղթանակը, որ տրվել է շատ թանկ գնով:
Հիմնականը. երբ ասվում է, որ «ավելի ծանր դրություններ էլ են եղել», այո, եղե՛լ են: Բայց միայն դա հիշեցնելը քի՛չ է: Եթե դա ասվում է, պետք է նաև հիշել, թե ինչպես, ինչ քայլերով ու կազմակերպչական, քաղաքական որոշումներով, ինչ վերակազմակերպմամբ են ելքեր գտնվել անցյալի «ծանր իրավիճակներից»:
Այսինքն, եթե «Ա»-ն ասվում է, բետք է «Բ»-ն էլ ասվի, իսկ ավելի լավ է՝ իրագործվի: Ու այդ «Բ»-ն ոչ բամբասանքն է, ոչ էլ անկումնային ու անկապ բաներից խոսելը:
Այսինքն, երբ ամենատարբեր հայացքների տեր մարդիկ ասում են՝ ՊՊԿ, պետք է ոչ թե ջղաձգվել, այլ գործնական հետևույթուն անել: Ոչ թե հույզերով ու քաղաքական շահերով առաջնորդվել, այլ պետական ու ազգային շահերով, իրավիճակով թելադրված անհրաժեշտություններով:
Արմեն Հակոբյան
https://yerevan.today/heghinak/67781/%C2%ABtsanr-iradroutyouny-%C2%BB%E2%80%A4-28-tarineri-hervic