«Եթե մենք նայում ենք, թե Ազգային ժողովի, կառավարության մեջ պետական կառավարման փորձառությունը, քաղաքական, տնտեսական միտքը որքանով է ներառված, ապա տեսնում ենք, որ խնդիրեր կան, այն աստիճան, որ նույնիսկ հարկավոր էր տագնապ հնչեցնել և խնդրել Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր տնտեսական, քաղաքական, պետական շինարարության փորձ ունեն, հավաքվեն և օգնեն նոր իշխանություններին այս բարդ իրավիճակից երկիրը հանելու: Հիմա հարցն այն է, որ այդ մարդիկ էստեղ (Հանրային խորհրդում) հավաքված են, համարյա բոլոր ասպարեզներից կան կայացած մարդիկ, և փոխանակ ասեն՝ ինչ լավ է, որ դուք հավաքվել եք, մենք ունենք այս պրոբլեմը, խնդրում ենք մեզ աջակցեք, ասում են՝ անիմաստ կառույց եք»,-այս մասին Հանրային խորհրդի նիստին հայտարարել է խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը:
Պեպանյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Հիմա ես առաջարկներ եմ ներկայացնելու այս իրավիճակում: Նախ ուզում եմ ասել, որ Հանրային խորհուրդն ընդդեմ և ընդդիմադիր կառույց չի: Դուք չեք կարող ցույց տալ որևէ հայտարարություն Հանրային խորհրդի անունից, որտեղ մենք կոշտ քննադատել ենք, ասել ենք ընդդիմություն ենք և այլն:
Մենք ունեցել ենք երկու կոշտ քննարկում, որոնցից մեկը՝ դատարանների շրջափակման հետ կապված, երբ խորհրդի անդամները չեն հասկացել դրա իմաստը և գտել են, որ դա իրավական չի: Որոշում չի կայացվել, բայց ես վստահ եմ, որ այս խոսակցությունը հասել է «վերևներ»: Հաջորդ քննարկումը եղել է Ստամբուլյան կոնվենցիած, և քննարկումը հալած յուղի պես չի անցել և չի էլ անցնելու, որովհետև մարդիկ մտահոգություններ են հայտնել, սա էլ է գնացել «վերև», և պարզ է, որ էնտեղ պիտի դժգոհեին:
Առանձին անհատներ խոսք ասել են և դրա իիրավունքն ունեն, պետք չի առանձին անհատների ասածը բերել, կապել Հանրային խորհրդին:
Եթե ուզում եք իմանալ, իշխանություններն են դեմ Հանրային խորհրդին: Խնդրեմ, պարոն Մանուկյանի դեմ արշավը նայեք, Ազգային ժողովից հնչող տեսակետները նայեք:
Մեզ չեն վճարում, շենքի հարց չեն լուծում, մենք աշխատում ենք էնտուզիազմով, հիմա բարոյական իրավունք ունե՞ ն մեզանից արդյունք պահանջելու: Էստեղ հնչում են մեղադրանքներ, թե լավ չենք ներկայացնում: Ներկայացնելն էլ է գումար: Եթե չկա, մնում է էնտուզիազմի վրա:
Հիմա ես կեսկատակ-կեսլուրջ մի առաջարկ ունեմ. քանի որ շենք չունենք, հաջորդ նիստն անենք Հանրապետության հրապարակի գորգի վրա: Հա՛մ մարդիկ կտեսնեն, որ նիստ ենք անում, հ՛ամ էլ կտեսնեն, որ տարածք չունենք:
Ի՞նչ կարող ենք անել, եթե մեր խորհուրդները չեն լսում: Կա մի քանի տարաբերակ: Մի դեպքում, ինչպես սրբազանն ասաց, կարող ենք դուխով առաջ գնալ և շարունակել մեր աշխատանքները, բայց մի պայմանով, որ լուսաբանման վրա, թեկուզ մեր անձնական միջոցներով, ծախսեր անենք, որ մարդիկ տեսնեն այդ աշխատանքը:
Փորձելով ստեղծված լարվածությունը կարգի բերել՝ միաժամանակ ասում ենք՝ թող ոչ ոք հույս չունենա, որ գալու ենք այստեղ, և վերևից ինչ ասեն, կոճակները սեղմենք: Այստեղ կյանք կա, կյանքի փորձ ունեցող մարդիկ են հավաքված, իրենց տեսակետները չեն կարող փոխել: Խնդրեմ, թող քննարկում անենք, իրենք էլ գան, վիճենք, ազգի համար օպտիմալ լուծումը գտնենք և ոչ թե դակենք ամեն ինչ:
Երկրորդ տարբերակը, որ ենթադրենք, չի հաջողվում հարթել հարաբերությունները: Ի՞նչ ենք անում մենք: Օրենքի մեջ կա հստակ կետ, որ մենք կարող ենք նպաստել քաղաքացիական հասարակության ակտիվացմանը: Մենք իրավունք ունենք, եթե հասարակության որոշ շերտերում կան դժգոհություններ, վեճեր կամ հակասություններ, իրենց հետ զրուցենք և ակտիվացնենք այդ ամենը:
Ես առաջարկում եմ շեշտը դնենք սրա վրա:
Եթե սա էլ չի ստացվում, ապա առաջարկում եմ դուրս գալ Հանրային խորհրդից, ստեղծել մեկ այլ հարթակ և մեր էնտուզիազմով փորձել ազգին ու պետությանն օգտակար լինել:
Ինչ վերաբերում է ներքին էթիկային, ապա առաջարկում եմ ներքին որոշում ընդունել, որ Հանրային խորհրդի անդամներն իրար հետ հրապարակայնորեն հարցեր լուծելու իրավունք չունեն, և եթե կան կան հարցեր, թող գան, նստեն, իրար հետ լուծեն, ոչ թե հրապարակայնորեն հաթաթաներ տան: