Կոչ եմ անում միասին փնտրել ուղիներ դուրս բերելու մեր երկիրը այս փակուղուց դեպի իրական զարգացում.
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվար 26, 2008
| 2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններից հետո հասարակության համբերության բաժակը լցված էր: Կար հնարավորություն համախմբել մեր հասարակությունը, ընդիմադիր դաշտը, համերաշխության մթնոլորտում և ազգային, ժողովրդավարական, օրինականության, արդարության գաղափարների վրա հիմնվելով ձևավորել նոր որակի իշխանություն, նոր որակի Հայաստան: Երկիրը պատրաստ էր դրան: Բայց այդպես չեղավ: Օգտվելով համընդհանուր դժգոհությունից, որը կուտակվել էր հասարակությունում նախորդ 13 տարիների ընթացքում` ատելության ալիքի վրա առաջ մղվեց նախկին նախագահը, ստանալով իր ստեղծած համակարգում մնացած և այդ համակարգից օգտվող մարդկանց որոշակի հատվածի օժանդակությունը: Հրապարակ եկավ նոր բանաձև «ընտրեք չարյաց փոքրագույնին», որից, իրենց կարծիքով, վարպետորեն սկսեցին օգտվել նաեւ իշխանությունները: Այժմ երկու կողմերն էլ ծուղակի մեջ են, ծուղակը գցելով նաև ողջ հասարակությանը: Արհեստականորեն առաջ քաշված բանաձևը, որ ոչ թե ընտրվում է երկրի նախագահ, ոչ թե ընտրվում է երկրի ապագան, այլ ընտրվում է «չարյաց փոքրագույնը», «հիմնավորելով», որ միայն չարիքը կարող է կուտակել ուժ` շփոթության մեջ գցեց մեր հասարակությանը: Ժողովրդին հոգեբանորեն պարտադրվեց որոշել, թե ում միջոցով ում չեզոքացնել: Այդպիսի մտածողությունը ոչ մի դեպքում չի կարող նպաստել երկրի զարգացմանը, օրինականության և արդարության հաստատմանը: Դա էապես ազդեց այս ընտրությունների արդյունքների վրա: Այդ շփոթվածությունը շարունակվում է մինչ այժմ` բորբոքելով բոլոր այն ազնիվ մարդկանց, որոնք ուզում են տեսնել արդարություն մեր երկրում: Այս մթնոլորտում տեղի ունեցան 2008 թ. նախագահական ընտրությունները, և ինչպես մինչ այժմ եղած ընտրությունները, անցան մեզ արդեն ծանոթ բազմաբնույթ, անընդունելի խախտումներով, որոնց երկիրը կործանող շղթան սկսվել է 1995 թվականից և ձգվում է մինչև այսօր: Մեր վստահված անձինք արձանագրել են բազմաթիվ խախտումներ ընտրությունների ընթացքում: Մենք չպահանջեցինք վերահաշվարկել որոշ տեղամասերի արդյունքներ, քանի որ մյուս թեկնածուների կողմից արդեն ներկայացված էր պահանջ 159 տեղամասերի վերաբերյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում ավելին բացել հնարավոր չէր (իրականում 159-ից հասցրեցին կազմակերպել միայն 134-ի ստուգումը): Մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը ցույց են տալիս թե ինչ անընդունելի խախտումներ են տեղի ունեցել ընտրությունների ընթացքում, բայց դրանք մեզ չեն տալիս բավարար իրավական հիմք` բողոքարկելու ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում: Այժմ հետընտրական պայքարը շարունակվում է: Մի կողմից ամեն գնով իշխանությունը պահելու ձգտումը, մյուս կողմից կուրացնող ատելության ալիքի վրա ամեն գնով իշխանության հասնելու մոլուցքը տանում են մեր հասարակությանը դեպի փակուղի` վտանգելով մեր երկրի և մեր ժողովրդի ապագան: Հասունացել է պահը սթափ գիտակցելու ստեղծված իրավիճակը: Իրական պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի առջևում է, և ես շնորհակալություն հայտնելով ինձ ընտրողներին և համախոհներին, որոնց թիվը անհամեմատ մեծ է քան պաշտոնապես արձանագրված տվյալները, կոչ եմ անում միասին փնտրել ուղիներ դուրս բերելու մեր երկիրը այս փակուղուց դեպի իրական զարգացում: Վազգեն Մանուկյան |
|




