«Եթե դու քվեարկես քո տեսակի համար, դու հաղթած դուրս կգաս բոլոր դեպքերում: Դու հաղթած կլինես ու չես ամաչի ինքդ քեզ համար»
Փետրվար 16, 2008
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի ելույթը հաղթանակից առաջ Քարոզարշավի այն մարտավարությունն, որը մենք ընտրել էինք այս ընթացքում` ճիշտ էր: Մեր քարոզչական խմբերը շրջել են հանրապետությունով մեկ եւ ներկայացրել են մեր գաղափարներն ու մոտեցումները: Հասկանում եք, այստեղ անձի հարց չի, ընդունելու կամ չընդունելու հարց է: Ես զգում եմ, որ ինձ հետ կապված է այն գաղափարների մարմնավորումը, որ 1988 թվականին ժողովրդին համախմբեց, և ես աշխատել եմ դա պահել մինչև այժմ: Եվ ժողովուրդը միշտ դրանց կրողն է եղել: Ցանկացած ընտրություններում ժողովրդի ուղեղի մեջ մենք ենք հաղթել, քվեարկության ժամանակ` ոչ միշտ: Ու միշտ նույն իրավիճակում ենք հայտնվել: Այս օրերին, երբ մեր քարոզիչները այցելում էին մարդկանց տներ, չէին հանդիպում այնպիսի դեպքերի, որ ասեն, թե այդ գաղափարները սխալ են, կամ էլ Վազգեն Մանուկյանը վատն է: Բոլորը հավանում են այդ գաղափարները եւ ցանկանում են դրանք իրականացված տեսնել: Բայց մեր քարոզիչները ուրիշ պրոբլեմների էին հանդիպում: Որոնք էին այդ պրոբլեմները, որոնց դեմ մեր քարոզիչները փորձում էին պայքարել: Առաջին միտք. ասում են ամեն ինչ լավ է, բայց իրենք չեն թողնելու: Առաջին հայացքից թվում է նորմալ միտք է, բայց իրականում դա հիմարություն է: Իշխանությունը ոչ մեկին էլ չի թողնելու: Ոչ մեկին: Դու պետք է պայքարես, դու պետք է հաղթես. միայն պայքարով կարող ես վերցնել իշխանությունը` հետեւումդ ունենալով ժողովուրդ: Առանց ժողովրդի ոչ մեկը քեզ իշխանություն չի տա: Չկա մեկը, որին իշխանությունները կցանկանան հանձնել իրենց իշխանությունը: Այս միտքը մեր քարոզիչները տնից տուն մտնելով փորձեցին փոխել: Եւ երբ այս ամենը բացատրում ես մարդկանց, նույնիսկ իրենք են սկսում ծիծաղել իրենց այդ մտքի վրա: Դիմացինդ անպայման հասկանում է, որ դա խելոք միտք չէ: Հետո գալիս է երկրորդ միտքը: Ասում են` այո կընտրենք, բայց միեւնույնն է, Վազգեն Մանուկյանը չի հավաքի բավարար թվով ձայներ: Այս մտքի հետևում ինչ է թաքնված: Ամեն մեկը տանը նստած կարծում է, որ հենց դա է ճիշտը, բայց ինքը չի հասկանում, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր նույն ընտրությունն են արել: Ինքը իրեն միայնակ է զգում, ինքը տեսնում է աղմուկը հրապարակների, ինքը տեսնում է աղմուկը մամուլի, եւ ըստ դրա է կողմնորոշվում: Մեր քարոզիչները կարողացան մարդկանց հետ շփվելով` իրար հետ համախմբել բոլոր մարդկանց: Եվ մարդիկ հասկացան, որ իրենց ընտրության մեջ իրենք միայնակ չեն, որ կա մի մեծ բազմություն, որն ունի նույն գաղափարները, նույն երազանքները, նույն նպատակները, նույն սկզբունքները: Եվ այժմ, ես կարծում եմ, որ վերը նշածս խնդիրն այս ընտրությունների ժամանակ մեծամասամբ հաղթահարված է, և մեր ընտրազանգվածը մեծացել է: Եթե մարդիկ առաջ իրենց միայնակ էին զգում, ապա հիմա իրենք գիտեն, որ միայնակ չեն ու իրար նման մտածողները շատ են: Երրորդ գաղափարը, որ պետք էր փոխել, դա ուժի գաղափարն է: Ուժը միայն մարդկանց քանակը չէ. ուժը մարդկանց որակի մեջ է: Ուժը մարդու մեջ եղած անկոտրում կամքն է, սկզբունքայնությունը, նպատակները: Շատ պարզ և տեսանելի է այն ճանապարհը, որով Հայաստանը կարող է դուրս գալ այս վիճակից: Շատ պարզ է եւ հասկանալի: Եվ հիմա ինչ մթնոլորտ է տիրում այսօր Հայաստանում: Հիստերիայի մթնոլորտ: Հիստերիայի մթնոլորն արհեստական ձևով են մտցրել Հայաստան: Եվ այդ հիստերիան մարդկանց մոտ առաջ է բերում խուճապային տրամադրություններ, իսկ խուճապային իրավիճակում մարդ միշտ ընդունում է ոչ ճիշտ որոշում: Ասում են` սա է հաղթելու կամ նա: Եվ մարդիկ հաճախ այդ խուճապի մեջ գնում են ոչ թե իրենց ցանկությամբ քվեարկելու, այլ նրան, ում անունը իրենց հուշել են: Եվ ապա մի քանի ամիս հետո արդեն ամաչում են իրար երես նայել: Եվ առաջին կոչը, որ ես կանեմ մեր ժողովրդին հետեւյալն է` դուրս եկեք այս վիճակից, ամեն ինչ այնքան պարզ է: Պարզ է ինչ ճանապարհով պետք է գնա Հայաստանը, պարզ է, ովքեր կարող են երկիրը այդ ճանապարհով տանել: Դուրս եկեք այս վիճակից, որ հետո ինքներդ ձեզանից չամաչեք: Այս մթնոլորտը բնական մթնոլորտ չէ, այս մթնոլորտը բոլոր ընտրությունների ժամանակ Հայաստան արհեստական է մտցվում: Եվ մենք այսօր ամեն կերպ պետք է հաղթահարենք այս մթնոլորտը, քանի որ սա մեր երկիրն է, և մենք չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ շահամոլ մարդիկ այս երկիրը վերցնեն իրենց ձեռքը: Մենք թույլ չենք տա, որովհետեւ սա մե´ր երկիրն է, մեզ նման մտածողների երկիրն է: Եվ թող որեւէ մեկը չմտածի, թե ինքը ուրիշ ձեւով է մտածում, ես ձեզ բոլորիդ էլ ճանաչում եմ, գիտեմ, որ բոլորս նույն ձեւով ենք մտածում: Իսկ ինչո՞վ պետք է առաջնորդվի ընտրողը ընտրության գնալիս: Ինը թեկնածու կա, դու պետք է ընտրես` քեզ: Նայիր այդ 9-ը թեկնածուին, տե´ս, քո կերպարը ո՞ր կերպարի հետ է համընկնում, եւ քվեարկիր ք´ո տեսակի համար, քվեարկիր ք´ո կերպարի, այլ ոչ թե ինչ-որ մեկի համար: Եվ եթե դու քվեարկես քո տեսակի համար, դու հաղթած դուրս կգաս բոլոր դեպքերում: Դու հաղթած կլինես ու չես ամաչի ինքդ քեզ համար: Եվ հաղթած կլինես ոչ միայն դու, այլ նաեւ հաղթած կլինի քո պետությունը, հաղթած կլինի ժողովուրդը: Այսինքն` մենք հաղթած կլինենք հօգուտ մեր պետության: Որովհետեւ մեր տեսակը ամենատարածվածն է Հայաստանում, եւ հենց այս տեսակը պետք է հաղթի: Ընտրեք ձեր կերպարին, ձեր տեսակին: Ընտրությունը պետք է մեզ բոլորիս համար դառնա տոն` ուրախությամբ եւ լավ տրամադրությամբ գնանք առաջ, եւ մենք անպայման կհաղթենք: Շնորհակալություն: |
|
|