Ադրբեջանի կոշտ հռետորաբանությանն ու քայլերին հայկական կողմը համարժեք քայլեր չի ձեռնարկում։ Ի՞նչ է սա նշանակում։ Լրագրողի այս հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Դա նշանակում է երկիրը ծախել։ Երբ որ այն կողմն ասում է՝ ես պիտի Երևանը գրավեմ, պիտի Սևանը գրավեմ, դրանք մեր հողերն են, իսկ մենք ասում ենք՝ Քելբաջարը մերը չի, իսկ Քելբաջարում կա Դադիվանք, հսկայական մի եկեղեցական համալիր, որն ապացուցում է, որ դա հայկական հող է։ Այն, ինչ մենք կորցրել ենք, դրանք ադրբեջանական հողեր չեն, դրանք պատմական հայկական հողեր են, որոնք վերջին 30 տարվա ընթացքում նաև մեզ են պատկանել։ Մենք կորցրեցինք այդ ամենը»։
Մանուկյանի խոսքով՝ կարող էր լինել պատերազմ, այդ պատերազմում մենք կարող էինք նաև չդիմանալ, բայց այս պատերազմը շատ տարօրինակ պատերազմ էր․ «Այս պատերազմը ոչ թե հայ ժողովրդի պատերազմն էր, սա Նիկոլի պատերազմն էր Ալիևի հետ կամ ինչ-որ համաձայնագրի իրականացման համար։ Էս վերջին փաստերն էլ, որ նշվեցին, դա ոնց որ թե իրականացվում էր նախապես պայմանավորված»։
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի ւոնեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական առաջին նիստը, որի ընթացքում Մանուկյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին նրա նկատմամբ ընտրված՝ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանմանն միջոցը վերացնելու վերաբերյալ։ Դատարանը մերժեց միջնորդությունը։
Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։