Դատական նիստի ավարտից հետո, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ էր նշանակում հանրահավաքում հնչեցրած իր հայտարարությունը, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Դատավարության ամբողջ իմաստն այն է, որ իրենք այդ հարցն ինձ պիտի տան, ու ես այդ հարցին չեմ պատասխանի, որովետև ես ինքս իմ բառերը չեմ մեկնաբանում, նամանավանդ դատարանում»։
Մանուկյանի հայտարարությունը փորձեց մեկնաբանել Հանրային հեռուստաընկերության լրագրողը՝ ասելով, թե իբր քաղաքական այդ հայտարարության մեջ կան նաև իրավական գնահատականներ։
Վազգեն Մանուկյանն արձագանքեց․ «Չգիտեմ՝ Դուք տեղյակ եք, թե ոչ, վերջերս մի տղա մուրճը ձեռքին վազում էր Հանրապետությունում և ասում էր՝ բոլորի գլուխը պիտի ջարդենք, վրեժ, պողպատյա մանդատ այլն։ Երբ այդ հարցը Սահմանադրական դատարանում բացվեց, դատախազը հայտնեց, որ քաղաքական գործիչն իրավունք ունի այդպիսի արտահայտություններ անելու։ Իմ արտահայությունն անհամեմատ ավելի մեղմ է»։
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական առաջին նիստը, որի ընթացքում Մանուկյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին նրա նկատմամբ ընտրված՝ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանմանն միջոցը վերացնելու։
Դատարանն իր որոշման մասին կհայտնի այսօր ժամը 16։00-ին։ Իսկ սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։