Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով նիստին ավարտվեց գործում առկա ապացույցների՝ փաստաթղթային մասի հետազոտումը։
Այդ փուլն ավարտելուց հետո պետք է հարցաքննվեր գործով ամբաստանյալ Վազգեն Մանուկյանը։
Նշենք, որ Մանուկյանը այս գործի նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալուց։ Նա դատարանին հայտնեց, որ դատավարության փուլում նույնպես չի ցանկանում ցուցմունք տալ։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել դատախազին, ոնց որ հոբելյանական երեկո լիներ։ Ես ոչ մի ցանկություն չունեմ մեկնաբանել իմ ասածները։ Այնտեղ մի 2-3 շատ կարեւոր ելույթներ չեն ներառել։ Իմ խոսքում նշել եմ՝ «հետնահանջի ճանապարհ թողնել». ուզում եմ ասել, որ դա մոռացված տերմին է այժմյան Հայաստանում։ Դա շատ ընդունված տերմին էր պատերազմի ժամանակ, երբ ես ՊՆ նախարար էի, մենք միշտ հակառակորդին հետնահանջի ճանապարհ էինք թողնում։ Այնպես որ ես ճիշտ եմ գտնում, որ այս իշխանական շրջանակներին նահանջի ճանապարհ պետք է թողնել»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 7-ին։
Նշենք, որ այդ նիստին դատավարության կողմերը պատրաստվում են միջնորդություններով հանդես գալ։
Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։