Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 20–ն մեծ հանրահավաք էր հրավիրել, որի ժամանակ հայտարարվեց նոն–ստոպ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ փետրվարի 20–ի հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ՀՀ դատախազությունում հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք`փետրվարի 20–ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանը դառնում է ոստիկանապետություն, ձերբակալում են ամենաազնիվ, երկրին նվիրված մարդկանց։ Նա համոզմունք հայտնեց, որ հնարավոր է այս վիճակից դուրս գալ, բայց դրա համար կա նախապայման` «այս վարչախումբը պետք է դուրս շպրտվի»:
Մանուկյանը, սակայն, վստահ է, որ ինչ ցույցեր էլ իրենք անեն, Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որը նա ունի։, և դա իրենց պլան Ա–ն է։ Սակայն կտրուկ ավելացրեց, որ միշտ ունեն պլան Բ–ն, որը կարող է լինել մեկ շաբաթ հետո։
«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,– եզրափակեց Մանուկյանը։
Նշենք, որ նոյեմբերի 9–ին` եռակողմ հայտարարության ընդունումից հետո, Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ընդդիմությունը ներկայացրել է վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։