Այսօր` սեպտեմբերի 23-ին, նա նախ հրապարակեց մայիս ամսին Երեւանում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց` մայրաքաղաքի բնակչության 72,1 տոկոսը` իբրեւ տեղեկատվություն ստանալու միջոց, առավելապես գերադասում է հեռուստատեսությունը: Թերթերին նախապատվություն տվածների տոկոսային արտահայտությունը հավասար է 5-ի: Հեռուստատեսությամբ տեղեկատվություն ստանալ գերադասում են հիմնականում ոչ բարձրագույն կրթությամբ մարդիկ, իսկ դրանց թիվը Երեւանում գերազանցում է 31 տոկոսը: Բնական է, որ այս գործակիցը շատ ավելի մեծ է գյուղական մարզերում: ՄԱԿ-ի տվյալներով հայաստանյան ընտանիքների 60 տոկոսը տանը հեռուստացույց ունի, ուստի եւ բնական է, որ ընտրական քարոզարշավում հիմնական շեշտադրումները կատարվել են հեռուստատեսությամբ:
Ընդդիմությունը քարոզարշավի ժամանակ իբրեւ նշանակետ ընդունել է երեք հիմնական թիրախ: Դրանք են` տնտեսության քայքայված վիճակը, կաշառակերությունը եւ սոցիալական քաղաքականությունը, որը ամենեւին էլ մխիթարական վիճակում չէ: Իշխանությունները նման քարոզարշավի դեմ իրենց հակաքարոզչության հիմքում, օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի սկիզբը, հիմնականում դրել էին ռուսական մոդելը: Ցուցադրվում էին Լեւոն Տեր-Պետրոսյան մարզեր կատարած այցելություններին վերաբերվող հաղորդումներ, շեշտադրված էին նաեւ հակակոմունիստական միտում ունեցող թողարկումները:
Սեպտեմբերի սկզբից մինչեւ 10-ը իշխանությունները ավելի մեծացրեցին հարվածի շրջանակը` քննադատության տակ առնելով ամբողջ ընդդիմությանը: Ի մասնավորի, մատնանշվում էր նրա պառակտվածությունը եւ միասնականանալու անկարողությունը: Սակայն այն բանից հետո, երբ Վազգեն Մանուկյանը հռչակվեց ազգային համաձայնության միասնական թեկնածու, հիմնական հակաքարոզչությունն ուղղվեց Վազգեն Մանուկյանի անձի դեմ: Ընդդիմության կողմից մատնանշվող տնտեսության քայքայման, կաշառակերության, սոցիալական քաղաքականության արմատները իշխանությունները հակված էին ցույց տալ Վազգեն Մանուկյանի վարչապետ եղած ժամանակներում: Դրա ավելի առարկայական դրսեւորումները, Մարկ Գրիգորյանի գնահատմամբ, Վանո Սիրադեղյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրություններին նախորդած ելույթներն են հեռուստատեսությամբ:
Քարոզչության առումով, իշխանությունները որդեգրեցին հետեւյալ քաղաքականությունը: Ասվում էր, որ հիմա կյանքն ավելի լավ է, քան երկու-երեք տարի առաջ եւ ավելի լավ կլինի երկու-երեք տարի հետո: Մարկ Գրիգորյանի գնահատմամբ սա ստալինյան ժամանակների հայտնի կարգախոսն է հիշեցնում: Երկրորդ ուղղությունը, որ իբրեւ քարոզչության հիմք իշխանություններն առաջ էին տանում, այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը անկախություն է նվաճել, դրանից հետո երկրում տեղի է ունեցել կայունացում, մեր պետությունը միջազգային ասպարեզում հեղինակություն է ձեք բերել եւ այս ամենից հետո այլեւս ժամանակն է շատ ավելի լրջորեն զբաղվել ներքին հիմնախնդիրների լուծմամբ:
Այժմ Անդրադառնանք մամուլին: Մարկ Գրիգորյանի հաշվարկներով «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում` իբրեւ հակաքարոզչություն Վազգեն Մանուկյանի, օգտագործվել է 27 625 քառակուսի սանտիմետր: Վազգեն Մանուկյանի անունը տրվել է 83 անգամ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանինը` 366: Այս վերջին թիվը շատ ավելի մեծ կարող էր լինել, եթե անվան փոխարեն օգտագործված չլինեին համապատասխան դերանուններ ու բնութագրումներ: «Հայաստանի Հանրապետություն» թերթում Վազգեն Մանուկյանին տրամադրվել է 2695 քառակուսի սանտիմետր տարածք` հակաքարոզչության ընդգրկուն մասով, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին հատկացված տարածքը կազմել է 33 670 քառակուսի սանտիմետր:
Հարկ է նկատի առնել նաեւ այն հանգամանքը, որ նախընտրական վերջին շաբաթվա ընթացքւմ «Հայաստանի Հանրապետություն» թերթը իր սովորական 4 էջի փոխարեն լույս է ընծայվել 8 էջով: Մարկ Գրիգորյանի գնահատմամբ նախընտրական շրջանում ակնհայտ է մամուլի եւ զանգվածային լրատվության միջոցների «լեւոնամետ միտումը»: Այս հանգամանքը հակառակ տրամաբանությամբ դրսեւորվում է ընդդիմադիր մամուլի էջերում, որից պետք է եզրակացնել, որ Լեվոն Տեր-Պետրոսյանն ընկալվում էր որպես հիմնական հակառակորդ: «Հայաստանի Կոմունիստ» թերթն ընտրություններին հատկացված իր տարածքի 56,4 տոկոսը տրամադրել է Սերգեյ Բադալյանին, 0,4 տոկոսը Վազգեն Մանուկյանին, 45 տոկոսը Լեւոն Տեր-Պետրոսյանին, իհարկե` համապատասխան շեշտադրումներով: «Իրավունք» թերթի էջերում Վազգեն Մանուկյանին է հատկացված ընտրություններին նվիրված տարածքի 50,3, Լեւոն Տեր-Պետրոսյանին` 31,1 տոկոսը: Մյուս թեկնածուներին վերաբերող հրապարակումները չեն անցնում 4 տոկոսի սահմանը ընդդիմության որեւէ թերթում: «Այժմ» թերթը, որը Վազգեն Մանուկյան նախագահի թեկնածուի կուսակցության թերթն է, ազգային համաձայնության միացյալ թեկնածուին է տրամադրել ընտրություններին վերաբերող իր տարածքի 54,6, Լեւոն Տեր-Պետրոսյանին` 45 տոկոսը: Այս թվերը ներկյացնելուց հետո Մարկ Գրիգորյանը անդրադարձավ այն դեպքերին, երբ քարոզչությունը կատարվել է քողարկված: Լեւոն Տեր-Պետրոսյանի առումով այդպիսի դեպքերը երկուսն են: Առաջինը դրսեւորվել է մարզական բնույթի հաղորդումներից մեկի ժամանակ, երբ ցուցադրվել են թենիսի Հայաստանի հավաքականի անդամները «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսը կրող վերնաշապիկներով: Հաղորդման ընթացքում մի քանի անգամ ցուցադրվել է պատերին փակցված Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցապաստառները: Հօգուտ Տեր-Պետրոսյանի երկրորդ քողարկված քարոզչությունը տեղ է գտել շների ցուցահանդեսին նվիրված հաղորդման ժամանակ: Կազմակերպիչներից մեկը` խոսելով ցուցահանդեսի մասին, այն համարել է մեր ներկա կայունության ցուցանիշներից մեկը:
Քողարկված քարոզչության փորձ է եղել նաեւ Վազգեն Մանուկյանի օգտին` «Ալիս-Ա» հաղորդման ժամանակ, որը, սակայն, հենց եթերում ընդհատվել է, եւ հաղորդումը փակվել է: Վճարովի եւ անվճար ժամերից դուրս քարոզչության եւ հակաքարոզչության միջեւ խտրական վերաբերմունքի դրսեւորման միտում է նկատվել նաեւ ռադիոյում: Առավոտյան 10:30-ին ռուսերենով հնչող «Հայք» ռադիոհաղորդման ժամանակ հնարավորություն են ունեցել ելույթ ունենալ նախագահի երկու թեկնածու, իսկ մյուսների համար ռադիոեթերն արգելվել է: Բացի այդ, նկատողություն է հայտարարվել հաղորդաշարը վարող լրագրող Սուսաննա Պողոսյանին: Հակաքարոզչության, ըստ էության ամենագռեհիկ դրսեւորումը տեղ է գտել «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում: Վերջին էջին տպագրելով Աշոտ Մանուչարյանի ընտրական շտաբի հայտարարությունը եւ դրանից վերեւ տեղադրելով Աշոտ Մանուչարյանի նկարը, որը հայացքով դեպի ձախ է նայում, անմիջապես նկարի հարեւանությամբ, ձախ կողմում տեղադրվել է մերկ կնոջ մի նկար, որի հետույքը ուղղված է եղել նախագահի թեկնածուի կողմը:
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ
«Երեւան» տեղեկատվական կենտրոն